Սիվիլիթաս հիմնադրամը ապրիլի 24-ի կապակցությամբ Երևանում և Ստամբուլում կաշխատի հատուկ ռեժիմով:
CivilNet.am-ն առցանց ուղիղ կապով 10-ժամյա ծրագիր կհեռարձակի, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմերի ցուցադրություն:
Ապրիլի 24-ին ժամը 13:00-ից մինչև 21:00-ն կցուցադրվեն հին ու նոր ֆիլմեր, այդ թվում՝ «Կոշիկներս Պոլիս ձգեցի», «Շների կղզին» և այլ երկարամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր: Մուտքը «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճ ազատ է: Ցուցադրության ժամանակացույցին և ֆիլմերի ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Ապրիլի 24-ին կեսօրից սկսած (GMT+4) ՍիվիլՆեթը ուղիղ ռեժիմով կհեռարձակի հարցազրույցներ, ռեպորտաժներ, տեսապատումներ Ստամբուլից և Երևանից: Ստամբուլում հեռուստածրագիրը կսկսվի «Հայդարփաշա» երկաթուղային կայարանից, որտեղից 1915թ. սկսվել էր ձերբակալված հայ մտավորականների աքսորը, իսկ ավելի ուշ՝ երեկոյան, ստամբուլյան ուղիղ հեռարձակումը տեղի կունենա «Թաքսիմ» հրապարակից, որտեղ մի քանի տարի է՝ թուրքական իրավապաշտպան կազմակերպությունները հիշատակի միջոցառումներ են կազմակերպում:
Երևանից ուղիղ հեռարձակում կլինի Ծիծեռնակաբերդից, ինչպես նաև ՍիվիլՆեթի տաղավարից, որտեղ հյուրընկալելու կամ սկայպով զրուցելու ենք հյուրերի հետ: , այդ թվում՝ Կոլումբիայի համալսարանի դասախոս, Հակոբ Օշականի «Մնացորդաց» գրքի նախաբանի հեղինակ Նանոր Քեբրանյանի, Փարաջանովի թանգարանի տնօրեն և Արևմտյան Հայաստան հաճախ այցելող և հայկական հուշարձանները լուսանկարող Զավեն Սարգսյանի, Ստամբուլի Քեմերբուրգազ համալսարանի դասախոս Նազան Մաքսուդյանի, 25 տարի առաջ ամերիկյան հեռուստատեսությամբ առաջին անգամ Ցեղասպանության մասին ֆիլմ ցուցադրած ռեժիսորի՝ Թեոդոր Պողոսյանի, Կեսարիայում մինչև 1915թ. տրված և դրանից հետո ընդհատված մկրտության արձանագրությունները հրապարակող Ջորջ Աղջայանի հետ: Հայաստանից Մուշ այցելած և այնտեղ որոշ ժամանակ ապրած երիտասարդների խումբը նույնպես կպատմի իր փորձառության մասին:
ՍիվիլՆեթն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի նաև ապրիլի 23-ի երեկոյան տեղի ունենալիք ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ [ուղիղ հեռարձակված բոլոր տեսանյութերը տեղադրված կլինեն Civilnet.am կայքում]:
Սիվիլիթաս հիմնադրամի ՍիվիլՆեթ այլընտրանային լրատվության ծրագրի շրջանակներում 30 ամսվա ընթացքում արտադրվել է ավելի քան 7 000 տեսանյութ, որոնք ստացել են 9 միլիոն դիտում: Սիվիլնեթի նյութերը հասանելի են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: