Կովկասում աշխարհաքաղաքականության 20 տարիները» խորագրով Սիվիլիթասի հանրային քննարկումը հյուրընկալել էր Կովկասի հարցերով հայտնի երեք փորձագետների: Քննարկումը, որ ծավալվեց վերջին երկու տասնամյակում Հայաստանի և նրա հարևանների աշխարհաքաղաքականության շուրջ, տեղի ունեցավ Երևանի «Անի պլազա» հյուրանոցում, հունիսի 22-ին:
Լիզ Ֆուլլերը Պրագայում տեղակայված Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի Կովկասի հարցերով խմբագիրն է: Նրա հոդվածներն ու վերլուծությունները վերաբերում են Կովկասին և հետխորհրդային տարածքի երկրներին: Նրա ուշադրության կենտրոնում է Հյուսիսային Կովկասը:
Լորենս Շիթսը Միջազգային ճգնաժամային խմբի Թբիլիսիի գրասենյակի ծրագրերի տնօրենն է: Նա նախկինում թղթակցել է Ռոյթերին և ԱՄՆ հանրային ռադիոյին: Շիթսը մասնագիտացել է Կովկասի, Ռուսաստանի և Ուկրաինայի խնդիրներում:
Լորենս Բրոերսը Լոնդոնի Հաշտեցման պաշարներ կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավարն է: Նա ակադեմիական հանդեսներում տպագրել է Հարավային Կովկասում էթնիկական խնդիրների, ժողովրդավարության և հակամարտությունների մասին մի շարք հոդվածներ:
Քննարկման մասնակիցները համաձայն էին, որ բազմաթիվ փոփոխություններով հանդերձ՝ տարածաշրջանի համար մի շարք հարցեր դեռևս անպատասխան են մնում։ Տարածաշրջանի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները իրոք զարգանո՞ւմ են, թե՞ այդ երկրներից յուրաքանչյուրն իր պատմական բեռով է ասպարեզ դուրս եկել, որը դարձել է քաղաքական բեռ: Արդյո՞ք Հյուսիսային Կովկասը այս տարածաշրջանի մաս է կազմում: Հարավային Կովկասը համակա՞րգ է, միավո՞ր, թե՞ մի մասնիկ: Տարածաշրջա՞նը պիտի որոշումներ կայացնի, թե՞ միջազգային կենտրոնները՝ հիմք ընդունելով աշխարհաքաղաքականությունն ու էներգետիկ առաջնահերթությունները: Բանախոսներն անդրադարձան մի կողմից երեք հարևանների, մյուս կողմից՝ նրանցից յուրաքանչյուրի և տարբեր կենտրոնների միջև հարաբերություններին:
Քննարկման ընթացքում, որը վարում էր Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը, անդրադարձ եղավ Ադրբեջանում խաղաղության ջատագովների և ժողովրդավարական գործընթացները պաշտպանողների միջև առկա անհամաձայնությանը: Բանախոսները նաև համաձայնեցին, որ Հյուսիսային Կովկասի գործոնը որոշակի դեր ունի Վրաստան-Ադրբեջան և Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում։
Անշուշտ, չշրջանցվեցին նաև ղարաբաղյան հակամարտությունն ու Հարավային Օսիայի ու Աբխազիայի չլուծված կարգավիճակների խնդիրը:
Սիվիլիթասի հանրային քննարկումները, որոնք հիմնականում վերաբերում են տարածաշրջանային և ներքաղաքական խնդիրներին, իրականացվում են Նորվեգիայի արտգործնախարարության օժանդակությամբ:
Աշխարհաքաղաքականություն. դարի նոր անեծքը