Լկտիություն, ջանդ յուղի, գալիս եմ
Վերջին մի քանի ամսում գրեթե ամեն շաբաթ գնում եմ ԿԸՀ և, անկեղծ ասած, գնալ-գալս մինչև այսօր որևէ բանով չէր նշանավորվում: Այս օրն աչքի ընկավ ահա ինչով: Ես իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանին հարցրի` ունի՞ հանձնարարություն պահպանել մայիսի 3-ից հացադուլ հայտարարած Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաձողովի անդամ Արտավազդ Վարդանյանի անվտանգությունը, թե՞ ոչ: Պատասխանը եղավ՝ հա, բայց ինձ մի նկարեք: Հաջորդ հարցին` ումի՞ց է ստացել պաշտպանելու հրահանգը, պատասխանեց` պապիցս: Ու սկսվեց…Ոստիկանի պահվածքից զայրացած, բավական բարձր տոնով ու բավական կոշտ սկսեցի բացատրել, որ նա իրեն այդպես հանդուգն պահելու իրավունք չունի: Նա կարող է ինձ` լրագրողիս, պատասխանել ինչպես որ հարկն է կամ` չպատասխանել, իսկ խոսել ինչպես փողոցի «հաբռգած լակոտ», իրավունք չունի, նախ` որովհետև ոստիկան է և ունի համազգեստ, ինչը նշանակում է, որ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, երկրորդ` լինելով հասարակական կարգի պահապան՝ պարտավոր է լինել կարգապահ: Փոխարենը, մեր հարգարժան ոստիկանը, շարունակեց. «Քուր ջան, դու ինձ մի ասա` ես ինչ անեմ ու ինչ եմ պարտավոր, ես իմ գործը լավ գիտեմ ու ինչ ուզում`անում եմ»: «Ես կբողոքեմ Ձեր վերադասին» սպառնալիքիս պատասխանեց` ինչ ուզում ես արա, ես «պռոբլեմ» չունեմ:
Ես, իհարկե, մի քիչ էլ տաքացա ու զանգեցի ոստիկանության Երևանի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանին, ներկայացրի իրավիճակը և որպես քաղաքացի պահանջեցի դաստիարակել իր ենթակայության տակ եղած ոստիկաններին, որոնք հասարակական կարգի պահպանման փոխարեն խախտում են այն: Զարմացա, բայց հաճելիորեն, քանի որ պարոն Մովսիսյանը շատ արագ միջոցներ ձեռնարկեց և ոստիկանին, որի հետ լեզվակռիվ էի ունեցել, տարան դաստիարակելու:))) Ես գոհ եմ այս մասնավոր դեպքի մասնավոր արձագանքի ու մասնավոր արդյունքի համար, և, որպես քաղաքացի, ինքս ինձ խոստացել եմ անհանդուրժող լինել ամեն տեսակ լկտիության նկատմամբ ու ահազանգել, փոխել, կռվել, գուցե նաև պարտվել, բայց անպայման կռվել, պայքարել, որ գոյությունս սեփական երկրում անիմաստ չդառնա: Այ սենց բաներ՝ ԿԸՀ-ի դիմաց, ընտրություններից հետո…




