Մի գիշեր Գ. Լուսավորիչ հիվանդանոցում

Գիշերը կինս վատ զգաց: Բավական ուժեղ ցավեր էին ու մտածեցինք, որ կույր աղիքն է (միանգամից ասեմ`վերջում պարզվեց`ուղղակի մրսել էինք), դրա համար գտա հիվանդանոցի համարը, զանգեցի, հայտնեցի, որ գալիս ենք (երևի կարելի էր միանգամից գնալ, բայց սա իմ առաջին նմանատիպ փորձն էր):

Առավոտյան ժամը վեցն էր: Մոտեցա ընդունարան, որպեսզի հայտնեմ, որ եկել ենք: Ընդունարանի պատասխանատու կինը ծխելով վերցրեց հեռախոսը ու սկսեց խոսել երևի բժիշկի հետ: «Լսի’, չկարողացա ցանկությունդ կատարել: Էն, որ ասեցի զանգել ասել են կարող ա գան, փաստորեն իսկականից եկան»: Եթե պայմանները չլինեին դրամատիկ, ես մի երեք-չորս րոպե կանցկացնեի կենտրոնացած ծիծաղելով, բայց…չափազանց շփոթված էի, որ այդ պահին ծաղրեմ այդ կնոջը:

Մեզ տարան ուլտրաձայնային հետազոտման` սոնոգրաֆիայի, ու մի 20 րոպե սկան էին անում` տեսնելու, թե ինչումն է խնդիրը: Քնաթաթախ բժիշկը մոտ 20 հարց տվեց ախտանիշների մասին: Զգացվում էր, որ ոչ մի խնդիր չի գտնում ու դրանից զայրանում է: Ընթացքում մի բժիշկ էլ եկավ` էլի քնաթաթախ: Տվեց նույն 20 հարցերը` նույն հերթականությամբ ու տոնայնությամբ:

Սկան անելուց հետո սոնոգրաֆիստն ասաց. առայժմ բան չկա, տվեց կես պարբերությամբ եզրակացություն, որտեղ մանրամասն բացատրվում էր, թե ինչ խնդիրներ չկան ու գանձեց յոթ հազար դրամ: Մյուս բժիշկն առաջարկեց, վերադառնալ մի քանի ժամից, եթե ցավը չանցնի կամ մի քանի ժամ հիվանդանոցում մնալ:

Երկրորդ բժիշկի հեռանալուց հետո մտավ երրորդ բժիշկը` մորուքով, ավելի տարիքով ու չար մարդու դեմքի արտահայտությամբ: Նա մի քիչ թերթեց մեկ էջանոց եզրակացությունը, այդ պահին բուժքույրը հուշեց, որ նախորդ բժիշկը մեզ առաջարկել է գնալ տուն կամ մնալ մի քանի ժամ պալատում: Այդ առաջարկը լսելով` մորուքով բժիշկը սթափվեց, սարսափի ու ջղայնության գույն հայտվեց նրա դեմքին:

«Ո՞նց, ասեց կարան գնա՞ն»,-նրա դեմքին գրված էր, որ ջղայնացած է այդ բժիշկի վրա` մեզ բաց թողնելու մտքի համար: «Լավ ես դրա հետ դեռ կխոսամ: Իսկ ես հիվանդին ուղարկեք վերակենդանացման բաժնի լյուքսը»: Վերակենդանացման բաժնի մասին ես գիտեի միայն կինոներից, ու դա ինձ մի փոքր վախեցնում էր: Ես հարցրեցի. «Մի քիչ…կոշտ որոշում չի՞»:Պարզվեց, որ պարզապես լավ սարքավորումները կենտրոնացած են այնտեղ, և ցանկացած հիվանդի սկզբում ուղարկում են այնտեղ:

Ճանապարհին այն բուժքույր-օգնականը, ով մեզ դիմավորել էր ամենասկզբում, մոտեցավ ինձ ու ապօրինի ժպիտով ասաց. «Գիտեք…Հիմա ձեզ տանում են ուրիշ բաժին, նենց որ ինձ արդեն կարող եք մի քիչ շնորհակալություն ցույց տալ»: Ես, իհարկե, ընդհանուր առմամբ տեղյակ եմ կոռուպցիոն կյանքի առանձնահատկություններին, բայց երբ անձամբ հանդիպեցի… անմարդկային տհաճություն զգացի:«Իսկ չե՞ք ուզում մի երեք տարի բանտում անցկացնել»,-հարցրեցի ես: Կինը վախեցած նայեց ինձ վրա, ներողություն խնդրեց ու գնաց:

Անցավ մի ժամ, ընթացքում մի քանի անգամ գնացի-եկա վերակենդանացման բաժին: Վերջին անգամ անցնելիս ինձ մոտեցավ մի նոր բուժքույր ու ասաց, որ այդտեղով անցնել չի կարելի. «Կամ էլ մի քիչ շնորհակալություն պիտի ասեք ինձ ու հավաքարարներին»: Առաջարկեցի երկու րոպեից ինձ մոտենան միջանցքում:

Երկու րոպեից իմ կողքին էր փայլող աչքերով երկու կիսատարեց կին: Մի պահ լռելուց ու իրենց սպասումները վայելելուց հետո ասացի. «Էն, ինչ-որ դուք առաջարկեցիք, քրեական հանցագործություն ա: Ես ունեմ դատախազության հեռախոսի համարը, ու եթե մի անգամ էլ տենց հարցով մոտենաք, երկուսդ էլ կարող եք դատվել: Պարզ ե՞մ արտահայտվում»: Նրանք մի փոքր սպիտակեցին, ներողություն խնդրեցին ու կորան: Միայն նշեմ նրանցից մեկի արդարացումը.«Դե հիմա տենց ինչի՞ եք նեղվում, մի քիչ հայություն ենք անում էլի»: Շատ ցավ պատճառող նախադասություն էր: Այդ բառերից ես ինձ վրացի զգացի:

Քիչ անց փորձեցի գտնել զուգարանը ու գտա այն, բայց` փակ վիճակում: Ընդունարանում ասացին, որ զուգարանը վճարովի է, բայց հիվանդների բարեկամներից մեկը բանալին մոռացել է վերադարձնել ու գնացել է: Արդյունքում «Գրիգոր Լուսավորիչը» մնաց վճարովի, բայց փակ զուգարանով:

Չմոռանամ ասել, որ վերջին անգամ վերակենդանացման բաժնից դուրս գալիս մոտակա պալատից լսեցի, թե ինչպես է գոռում ու ջղայնանում ավագ բուժքույրը. «Սրան ո՞վ ա ստեղ բերել: Էս ի՞նչ այլանդակություն ա… Հազար անգամ ասել եմ ուշադիր եղեք սենց բաներից: Հանե՜ք սրան մի հատ, յա՜»: Չդիմացա: Գնացի տեսնելու, թե այդ ում կամ ինչի վրա էր գոռում այդ բուժքույրը: Ու տեսա, որ ընդհանուր պալատում Ապոլոնի դիրքով պառկած, կիսածալած ծնկով ծխում էր մի անօթևան: Ակնհայտ էր, որ նա ձևացրել էր, թե վատ է, բերվել էր հիվանդանոց, ու մի քիչ հանգստանալուց հետո պատուհանը բացել ու ծխախոտով տոնում էր իր ինքնատիպ հաղթանակը:

Մի քանի ժամ անց, ամեն ինչ ավարտվեց, երբ սոնոգրաֆիստը նորից չկարողացավ որևէ մի բան գտնել, ու մեզ թողեցին տուն գնալ: Շատ բովանդակալից մի քանի ժամ էր. հասցրեցի տեսնել երկու ավտովթարի զոհերի ընդունում, մեկ դանակահարված տղա, երեք կաշառասեր բուժքույր, փակ ու վճարովի զուգարան, ու մի կին, որին հասնում էր անվճար բուժում, բայց նա, բժշկի խնդրանքով, նվիրեց չորս հազար դրամ, քանի որ այդ օրը Զատկի տոնն էր ու նա համարեց, որ «գնացելա եկեղեցի ու աղոթք ա արել»…Չորս հազար դրամի…

Մի խոսքով, պատահաբար ու առանց լուրջ խնդրի մի քանի ժամ հայաստանյան հիվանդանոցում անցկացնելուց հետո զգացի, որ սովորական սոցիալական հարցերը ոչ պակաս հզորությամբ են հակակրանք ստեղծում իշխանության նկատմամբ, քան գլոբալ քաղաքական քայլերը: Իսկ մյուս կողմից, զգացի, որ դա ոչ  բոլորն են զգում, քանի որ ես, ցավոք, միակ մարդն էի, ով դժգոհ էր հիվանդանոցի այդ ներքին մշակույթից:

7 Responses to “Մի գիշեր Գ. Լուսավորիչ հիվանդանոցում”

  • Hayreniq says:

    Very well written…

  • Marine says:

    Այդ բառերից ես ինձ վրացի զգացի…

  • Arpine says:

    Ողբալի է մեր հիվանդանոցների վիճակը: Շատ դիպուկ էր նկարագրված: Ես էլ մի քանի գիշերներ անցկացրել եմ Հանրապետական հիվանդանոցում(ինձ մոտ էլ հենց կույր աղիքն էր, որը բժիշկները կարողացան հասկանալ միայն ինձ վիրահատելու ընթացքում,որովհետև հենց սկզբից սխալ ախտորոշում էին արել,10 օր ուշ կատարված վիրահատությունը գրեթե անդառնալի հետևանքներ էր թողնելու…):
    Տեքստում էլ բավականին հաջող նկարագրված էր նաև բուժքույրների, հավաքարների պահվածքը: Ինչու պետք է հավաքարարը հիվանդից 2 գդալ սուրճ խնդրի, կամ բջջայինիցդ օգտվելու ցանկություն հայտնի: Ինչու պետք է բուժքույրը հիվանդի կողքով անցնելիս հանկարծ խլացած ձևանա’ մոռանալով, որ հիվանդը նամանավանդ վերակենդանացման բաժանմունքում ինքնակամ ոչինչ անել չի կարող…
    Կարծում եմ շատերն են դժգոհ հիվանդանոցների ներքին մշակույթից, ուղղակի պետք է քայլեր ձեռնարկվեն:(Չնայած իմ բողոքը գլխավոր բժշկին ըստ էության արդյունք էլ չտվեց…)

  • NP says:

    ինչպես ասում է հայտնի հայկական առածը «ձուկը գլխից է հոտած»: Կարող ենք բողոքել նույնիսկ առողջապահության նախարարի մակարդակով, բայց….հավատացնում եմ այս երկրում անօգուտ է: Ուղղակի կարող եմ թեմայի շուրջ կիսվել նաև իմ փորձով` հուսալով, որ մի օր, այնուամենայնիվ, կգտնվի մարդկային արժանիքներով օժտված, մարդու իրավունքը որպես բարձրագույն արժեք ընդունող իշխանության գլուխ կանգնած պաշտոնատար անձ ու կփորձի ինչ-որ բան անել կործանման ուղին բռնած մեր «Բիբլեական» երկրի համար: Իսկ թեմայի վերաբերյալ իմ դառը փորձը կայանում է նրանում, որ փորձում էի երեխայիս մանկապարտեզ տանելու համար մանկական պոլիկլինիկայից (եթե չեմ սխալվում դա թիվ 3-ն է) ստանալ N26 ձև կոչվող մի փաստաթուղթ, որում պոլիկլինիկայի համապատասխան նեղ մասնագիտացված բժիշկները պետք է գրեն իրենց համապատասխան եզրակացությունը երեխայի առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև դրանում պետք է ներկայացված լինեն թվով 4 անալիզների արդյունքներ: Բժիշկների «զննությունը» դեռ ոչինչ (եթե աչքի տակով երեխային նայելը և ստորագրություն դնելը կարելի է զննություն համարել իհարկե), բայց չեք կարող պատկերացնել իմ զարմանքը, երբ անալիզներ վերցնող բուժքույրn ինձ առաջարկեց «երեխայիս հարցերը» արագ լուծելու համար որոշակի կաշառքի դիմաց, առանց անալիզներ հանձնելու տեղում ստանալ դրական եզակացություն անալիզների վերաբերյալ: Ես իհարկե հրաժարվեցի այդ «գայթակղիչ» առաջարկից` կիսագրագետ բուժքույրին բացատրելով, որ ինձ համար կարևոր է երեխայիս առողջությունը և ես պահանջում եմ, որ իրենք անալիզներ անեն: Կաշառակերի պատասխանն այդ պահին եղավ այն, որ այդ պարագայում մենք պետք է վերադառնանք մեր մանկաբույժի մոտ, մեր հետ բերենք ուղեգիր և քանի որ այդ օրն արդեն ժամը 13: 30-ն էր, իսկ անալիզներն ընդունվում են մինչև 12: 00, կարող ենք իրենց դիմել միայն հաջորդ օրը մինչև 12:00-ն: Ի՞նչ եք կարծում որքանո՞վ է հիմնավորված հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը օտարների կողմից այն պարագայում, երբ ցեղասպանությունն անուղղակիորեն ամեն օր իրականացվում է մեր երկրում, մեր իսկ ազգակիցների ձեռքերով…

  • Tatev says:

    Mer qaxaqum (VANADZORUM) aveli vat e vichak@. Manavand poliklinikanerum ev hatkapes cnndatan@

  • Mari says:

    Պարզապես չգիտեմ մարդը իր առողջությունը կարող է վստահել 50.000դ.ստացող բժշկին:Չե որ, այդ մասնագիտությունն ընտրած մարդիք կրում են ամենամեծ պատասխանատվությունը:
    Ես ականատես եմ եղել բժշկի կյանքին,այդպիսի մարդիք ոչ կարող են հանգիստ քնել,ոչ ընրթել,ոչ էլ հանգստանալ և ամեն օր առնչվում են գլխավոր բժշկի պարտադրանքներին:

  • we are fans says:

    Cool. Do you do have a subsciber lists? This is what I became trying to find. Much appreciated! ;)

Leave a Reply

Civilitas Around the Web
Subscribe
Email Marketing by iContact
Latest Tweets
civilitasinfo

  • Tolosa gave a mixed overview of the problems and prospects facing the Armenian economy. http://t.co/C8TOl1jvad - posted on 07/06/2013 10:30:18

  • http://t.co/RjsfdQyzfZ - posted on 06/06/2013 15:33:22

  • Photos from the U.S. based Rockefeller archives related to Armenian history have been exhibited for the first... http://t.co/GSeWYYVFN6 - posted on 01/06/2013 22:39:02

  • Over 80% of children in Armenian orphanages have at least one parent. Civilnet talks with Henriette Ahrens, UNICEF... http://t.co/86mzc18evH - posted on 01/06/2013 20:39:31

  • Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում գործում է «Նոստալջի կուլտուր» անունը կրող գրախանութ, որտեղ կարելի է գտնել... http://t.co/jPOK16h0Ts - posted on 29/05/2013 19:38:03

Improve Your Life, Go The myEASY Way™

Switch to our mobile site

WP SlimStat